RSS

Առասպել Մեղրաձոր գետի մասին

02 Սպտ

Առասպել Մեղրաձոր գետի մասին

Հայոց երկիրը հարուստ է բնության հրաալիքներով: Այդպիսիներից է Մեղրաձոր գետի ավազանը: Այդ ձորում հոսող գետի ափերը  քարքարոտ են ու անմատչելի: Բայց երբ երկնքում շողում է արևը, այդ տաք քարերի վրա սկսում են ծաղկել ու բուրմունք արձակել բազմաթիվ վայրի ծաղիկներ ու խոտեր: Մեղուների վայրի պարսերը հարյուրավոր տարիներ անընդմեջ կառուցում են այստեղ իրենց բնատեղերը: Իսկ ամռանը, կեսօրվա շոգին, մեղրը տաքացած մեղվանոցներում հալում է ու սկսում կաթիլ-կաթիլ ծորալ գետի մեջ: Ու գետակի ջուրը դառնում է քաղցր ու բուրավետ: Այս բնական երևութների համաստեղությունը հուշել է մարդկանց գետի անունը՝ Մեղրաձոր:

Հին ժամանակներում այստեղ կային միայն փշոտ մացառուտներ, մեղուների պարսերը շատ ավելի բարձր էին ու մեղրը ստանում էին մեծ դժվարությամբ և դրա համար մեղուները խիստ հսկում էին ստացած մեղրը:

Գարնանային օրերից մի օր դաշտավայրում շրջում էր երազկոտ մի աղջիկ: Նա տարված էր իր պատանեական երազանքներով, երգեր էր երգում և կարմիր վարդեր էր հավաքում սարի ստրրոտում: Եկավ գիշերը, սկսեցին թռչել անճոռնի ձայներով գոռացող բվերը ու աղջիկը սոսկալով պահ մտավ ժայռերի նեղ արանքում: Այդտեղ նա համարյա թե ամբողջ գիշեր լաց եղավ: Երբ վաղ առավոտայն մեղուները դուրս թռան իրենց մեղվանոցներից, որ ծաղիկներից քաղցրանյութ բերեն, նրանք տեսան քնած աղջկան: Այդ աղջիկը դեռ երեկ իր զրնգուն երգերով գովում  էր ծաղկող լեռներն ու ձորերը: Մեղուները քնած աղջկա համար մեղր բերեցին, դնելով այն չինարի մեծ տերևի վրա: Աղջիկը արթնացավ, մեղր կերավ, ուժերը ամրապնդեց, թաքստոցից դուրս եկավ ու գտավ դեպի աղբյուրը տանող այն ճանապարհը, որի ջուրը մեղրի համ ուներ: Նա տուն բերեց լիքը կարասով ջուր ու հորն ու մորը մեղրաջրով հյուրասիրեց: Իսկ գյուղի մնացած բնակիչներին բացատրեց, թե որտեղ է գտնվում մեղրաջուր աղբյուրը:

Պատմում են, նաև, որ, Մեղրագետի ակունքի տեղը առաջ թոնիր է եղել։ Մի օր գյուղի քահանայի կինը հաց է թխում։ Գալիս է մի մուրացկան, Քրիստոսի սիրո համար թարմ հաց է խնդրում։ Կինը հաց է տալիս, մուրացկանը պանիր էլ է խնդրում։ Պանիր էլ է տալիս։ Մուրացկանը Քրիստոսի սիրո համար համբույր է խնդրում։ Երեցկինը դեմքը մոտեցնում է մուրացկանին, համբույր էլ է տալիս։ Այդ միջոցին քահանան ներս է մտնում, տեսնում կնոջ և մուրացկանի համբուրվելը, խիստ զայրանում է կնոջ վրա։ Կինը արդարանում է, թե մուրացկանը Քրիստոսի սիրո համար հաց խնդրեց՝ տվեցի, պանիր խնդրեց՝ տվեցի, համբույր էլ խնդրեց՝ չկարողացա մերժել։

— Դե որ այդպես է, — ասում է քահանան, — Քրիստոսի սիրո համար քեզ թոնիրը գցիր։

Կինն իսկույն իրեն գցում է բարկ թոնիրը։ Վառ թոնիրն անմիջապես լցվում է մեղրահամ ջրով, գետ է դառնում։ Կինը ձուկ է դառնում և լողում գետի ակունքների մեջ։