RSS

Category Archives: Արցախ

Արցախ. Ստեփանակերտի ժենգյալով հաց

 

Պիտակներ՝ ,

Արցախ, Վանք գյուղ, Մուխաթիք սարի լեգենդը

Գանձասարի Վանք գյուղը Արցախի Մարտակերտի շրջանի հնագույն գյուղերից մեկն է:

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, մեղվապահությամբ:

Վանքը լինելով հին գյուղ, բնականաբար ունի իրեն հատուկ  մշակույթը, ավանդույթները, ծեսերը, առասպելները, ավանդազրույցները , որոնք հատուկ են յուրաքանչյուր տարածաշրջանի և գյուղի:

Այսպիսով, հարցազրույցը վերցրել ենք Վանք գյուղի բնակչուհուց, մեր ընկեր՝ Ռազմիկ Հակոբյանի տատիկից, ում տանն էլ հյուրընկալել էինք:

Պատմությունը կվերնագրեմ <<Մուխաթիք >>: Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Արցախյան խոհանոց. քյալագյոշ (քյիլինգյոշ) և խաշիլ

Համեղ են պատրաստում Վանք գյուղի բաջիները

 

Պիտակներ՝ , ,

Վանքեցիք կատակասեր են

 
1 մեկնաբանություն

Posted by off 29 Հուլիսի, 2014 in Արցախ

 

Պիտակներ՝ ,

Վանք գյուղի մասին պատմում է իսկական վանքեցի ձեդոն

 

Պիտակներ՝ ,

Մի թոնրի պատմություն, Վանք գյուղ, Արցախ

 

 

Պիտակներ՝ , ,

Արցախ. Մարտունու շրջան, գյուղ Ճարտար

P1210672 P1210675 P1210686

Ոչ միայն Մարտունու շրջանի, այլև ամբողջ ԼՂՀ-ի ամենախոշոր գյուղն է Ճարտարը: Անվանումն առաջացել է բնակիչների հմտության, ձեռներեցության, ճարտարախոսության առանձնահատկություններից: Ճարտար գյուղը գտնվում է Մարտունու շրջանի արևմտյան, նախալեռնային հատվածում: Երեք կողմից շրջափակված է համեմատաբար բարձր լեռնապարով (Եղիշեի սարով, Բերդասարով, Կարմիր քար և Ղլեն խութ սարերով): Պատմական փաստերը ցույց են տալիս, որ գյուղը գոյություն է ունեցել դեռևս 4-րդ դարում: Շինարարական աշխատանքերի ժամանակ այստեղ հայտնաբերվել է այդ դարին պատկանող խոյակ: Ներկայիս Ճարտարը բաղկացած է 4 խոշոր թաղամասերից, որոնցից յուրաքանչյուրը, փաստորեն, առանձին գյուղ է՝ Գյունե Ճարտար, Գյունե Կալեր և Ղուզե Ճարտար, Ղուզե Կալեր: Ղուզե Ճարտարում են գտնվում Մոտեճուր, Խաչուն Ճուր, Շրշռան, Վետած աղբյուրները, Գյունե Ճարտարում՝ Նավերը, Խութին Ճուրը, Երե Ճուրը, Չաղալ աղբյուրը, Գովուն աղբյուրը, Ծարավաճուրը, Քմալ աղբյուրը, Ծլլոկը, Դուրդուրչակին աղբյուրը: Ճարտարի պատմական հուշարձաններից առավել հանրահայտը Եղիշեի վանքն է(Ղըշա վանքը): Վիմափոր արձանագրություններից հայտնի է, որ այն 12-րդ դարի կառույց է, այժմյան տեսքով, սակայն, վերականգնվել է 1655թ.: Գյունե և Ղուզե Ճարտարների միջև՝ կողք-կողքի, վեր են խոյանում Սպիտակ և Սև բերդասարերը: Ժողովուրդն այն անվանում էԲերդի նահատակ և սրբությամբ է վերաբերվում դրան: Գյունե Ճարտարի ցածրադիր վայրում է տեղակայաված ՛՛Կոհակ՛՛ ուխտատեղին: Հայրենական Մեծ պատերազմին մասնակացել են 1000 ճարտարեցի, որոնցից 451-ը զոհվել են: Նրանց հիշատակին՝ գյուղի հյուսիս -արևմտյան անտառոտ լանջին, կառուցված է հուշարձան-թանգարան: Ճարտարն ունի նաև հրաշակերտ Մշակույթի պալատ, որը կառուցվել է Սուրեն Ադամյանի ղեկավարության տարիներին(շուրջ 40 տարի ղեկավարել է՝ սկսած 1945թ.-ից), Արթիկից բերված վարդագուն տուֆով: Այս պալատը Երևանի ՛՛ Օպերայի և բալետի՛՛թատրոնի նմանակն է, իհարկե չափերով ավելի փոքր: Կառույցի նախագծի հեղինակն է Թամանյանի որդին՝ Գևորգ Թամանյանը:

լուսանկարները՝ Արման Մարտիրոսյանի

10434192_507873186011870_7787933982546134041_n 10477561_507873682678487_566128312039440490_o 10525771_507873056011883_1664538881218440538_n
Ճարտարից էր հայտնի գուսան Բագրատը, որը հեղինակել է մի շարք գեղեցիկ գուսանական երգեր, այդ թվում ՛՛ Դերունց ծօրումը՛՛: Նշենք, որ Դերունց ծօր կոչվող վայրը գտնվում է Ճարտարի հյուսիս-արևմտյան մասում: Վերջին տարիներին՝ Ճարտարի Մշակույթի պալատի դիմաց, կառուցվել է հուշարձան՝ Ճարտարի ազատամարտիկների պատվին: Ճարտարեցիները հյուրասեր, բացսիրտ , հումորով մարդիկ են: Իր կատակներով հայտնի է Վաղինակ Հովհաննիսյանը՝ Վաղոն, ինչպես նաև ժողովրդական արտիստ ՝ Ռաշիդ Աղամալյանը(Ղարաբաղցին) կամ ինչպես համագյուղացիներն էին ասում՝ Կուտուկը: Ինչպես յուրաքանչյուր տարածաշրջան, այնպես էլ Ճարտարը, առանձնանում է իր ուրույն խոսվածքով: Բառապաշարի մեջ մտնում են այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ ՛՛ պօ, յաղուզ, աստել, միկա..՛՛: Ճարտարեցիներին անվանում են՝ սօղան օտող, միկա թամուզ:

 

Պիտակներ՝ ,

Հոգու կտոր՝ Արցախ

Որպես նախաբան ասեմ՝ առաջին անգամ եմ եղել Արցախում, ու տպավորություններս  շատերի համար հնարավոր է ՝շատ սովորական ու վերամբարձ թվան, բայց մեկ է, գիտեմ, որ երկրորդ, երրորդ, միլիոներորդ անգամ էլ այցելեմ՝ չեմ կշտանալու, ու նույն անհագությամբ կլանելու եմ օդը, պատկերները, ու կողպելու եմ սրտիս ամենախոր ու մութ տեղերում: Իմն է այն Արցախը, որը ես եմ տեսել, զգացել ու հասկացել, կներեք: Բայց, մի՛ լքեք բլոգս, չեմ հիաստափեցենլու, բա՞ չպատմեմ տեսածս, որ մի քիչ թեթևանամ: Դե հարմար տեղավորվեք, որ գնանք Արցախ….. Կհիասթափեցնեմ նրանց, ովքեր սպասում էին, որ պատումն ըստ օրերի պետք է լինի, որովհետև 5 օր ենք մնացել Արցախում, բայց՝ ոչ: Արցախում ապրել եմ մեկ երկար ու անջնջելի օր, գիշերներն էլ  որպես ընդմիջումներ, կյանքի բնականոն ձևի: Ճար լիներ, գիշերն էլ դուրս կգայի ու կթափառեի՝ մոլորվելու ակնկալիքով: Մեկ շնչով է անցել, ու հիմա, որ ետ հայացք եմ դարձնում, հասկանում եմ ՝ հասցրել ենք տեսնել Արցախի գրեթե բոլոր դրախտային անկյունները: Չքնաղ ես, Արցա՛խ:

Այրիվանք: Առաջին կանգառp5250045:

Ալեկոծ էր Սևանը գեղաչյա, չէր ուզում մեզ թողներ Արցախի հեռուները, ասում էր,- << Դե եկել եք, մնացե՛ք, ու՞ր եք գնում>>:

Մենք նպատակ ունեինք, ու չխաբվեցինք կապտաչյա գեղեցկուհու ալիքների հմայքին: Այրիվանքը մեկուսի էր, անհյուրընկալ, Սևանը նրան էլ էր մեր հադեպ խորթ դարձրել: Սառը քամի էր փչում, բայց մեկ է, Սևանը երբեք չի կորցնում իր հմայքը, նույնիսկ, երբ վրդոված է: Այրիվանքը հին վանք է, պատերի լուռ զրույցը վկայում է ալևորի կյանքի պատմությունը: Ինչևէ, շարժվեցինք: Ինչքան դեպի Արցախին ենք մոտենում, այնքան սիրտս արագ է սկսում խփել: Ասեցի չէ՝ առաջին անգամն է: Դե պատկերացրեք, ու էլ չզարմանաք: Արցախն ինձ համար այլ նշանակություն էր ձեռք բերել, աննկարագրելի շատ էի ցանկանում տեսնել, ախր այնքան էի լսել, ու տեսել շատ  մարդկանց աչքեր, ովքեր տեսել էին ՆՐԱՆ: Այո, Արցախը շնչում է, նա կենդանի է, զգում է: Որքան դեպի արևելք այնքան բնությունն ավելի պերճաշուք՝ կանաչի հազար երանգ, ծաղիկներ, Թարթառի անուշ և ողջունող կարկաչ: Ինչե՜ր է տեսել, Թարթառը, և քանի՞սն են ալիքներին կուլ գնացել կատաղած ժամանակ : Չէր խոսում Թարթառը, այլ անվրդով իր ճամփան էր շարունակում, մեկ –մեկ էլ փեշերը քարերին խփում՝ կամակոր աղջնակի պես: Ճանապարհը երկար էր, բայց երբ ճամփորդում ես այն կազմով, որը այս անգամ էր հավաքվել, էլ ի՞նչ հոգնության մասին է խոսքը:

 

Դադիվանք:
Մեկուսի, թաքնված աշխարհի պատառիկ: Եղանակը անբարեհաճ գտնվեց՝ սկսեց մի լավ անձրևել, նույնիսկ կարկուտ էր տեղում: Տեղա՛, մեզ չես կանգնեցնի, հասել էինք, որ չտսենե՞նք: Մեր հրաշալի վարորդը պարզապես հրաժարվեց մեզ մեքենայով տանել մինչև այն տեղը, որտեղից ավելի հեշտ կլիներ հասնել վանք, բայց դե նրան էլ երևի կարելի է հասկանալ. զինվորական չորկողությունն ու հստակությունը արմատացել են բնավորության մեջ: Հասանք: Տասի չափ պտույտ եմ գործել կանգնածս տեղը. Նայում էի ամպերին, որոնք կամարել էին Արցախի բլուրները ու գեղեցիկ քող դարձել: Ամպերն էլ գիտեն մեծ հարգել. ավելի բարձր բլրին ամենաշատն էի քողավորել: Մշուշոտ լռություն էր, օդը մաքու՜ր-մաքու՜ր, այքան մաքուր՝ քեզ կթվա թոքերդ այդ մաքրությանն  չեն դիմանա, թևեր կառնեն ու կգնան շատ հեռու՝ շնչելու ու մի լավ արտաշնչելու: Ծերունի է Դադիվանքը, մորուքը երկա՜ր, աչքերն ակոսված, բայց հաստատ է իր տեղում, մորուքն է ուղղում, հյուրերին է ընդունում: Մտնում ես, ու արդեն աղոթք դարձած պատերն են սկսում իրենց պատմությունը պատմել: Եվ ուրվականների պես ամեն աղոթք մարմին առած գալիս ու ականջիդ շշնջում է իր տիրոջ խնդրանքը առ Աստված: Վախենում ես դիպչել պատին, մտածելով՝ մեկի աղոթքն է ննջում՝ իր հերթին սպասելով, հանկարծ ու արթնանա: Հենց եկեղեցու առաջ  բառերով դժվար մեկնելի տեսարան է, որ ավելի լավ է տեսնել իրականում կամ գոնե նկարներով, քան մի տառ գրել ու հավերժ կորցնել այդ տեսարանի հրաշքը:

 

Վանք գյուղ:

Հասանք արդեն գիշերով: Հյուրընկալ էին վանքեցիք, շատ հյուրընկալ ու բացսիրտ: Գնացինք  շատ լավ մարդկանց տուն գիշերելու: Իդեալական երիտասարդ ընտանիք: Ո՜նց եմ սիրում, երբ ամենքն իր տեղում են՝ երիտասարդ տատի ու պապի, տանտեր ու տանտիկին, երեխաներ: Իդեալական ընտանիքի մոդել: Ի՜նչ հավես էր: Կրկնակի լավ է, երբ կա սերը՝ մեծից-փոքր ու փոքրից-մեծ հարգանքը ,այքա՜ն լավ էր ու ջերմ: Տան երեխաները հյուրընկալվել էին մեր դպրոցում, ճիշտ է Աննան՝  տան աղջիկը, առանձնապես չէր սիրում շատախոսել, կամ էլ՝ խոսել առհասարակ, բայց դե մենք կարողացանք մեկ-երկու բառով իմանալ տպավորությունները: Ի՜նչ պատշգամբ ունեին, տեսնել էր պետք: Հիմա հաստատ մտածում եք նյութական որևէ զարդարանքի մասին, չէ՞, եթե չէ՝ կեցցե՛ք, քանի որ խոսքը դրա մասին չէ: Արդեն առավոտյան, երբ դուրս եկանք պատշգամբ մի այնպիսի տեսարան էր մեզանից պահել գիշերը, որ ասելու չէ: Լազուր երկինք, անհագ կանաչ սարեր, ու բոլորը ողջունում են քեզ՝ պատշգամբի նոր արթնացած հյուրին: Երիտասարդ էին վանքեցի տատին ու պապին, բայց փոքրիկ տեղեկություններ այնուամենայնիվ հաջողվեց իմանալ գյուղի մասին, որն էլ ռադիոնյութի մեջ կլսեք:

Վանքի դպրոց:

Վերանորոգված, գեղեցիկ, մաքուր, հետաքրքիր լուծումներով դպրոց, լավն էր, միայն թե ես երևի վերադառնալու եմ. գրադարանը չտեսա, փակ էր, բանալին էր անհայտում: Վերադառնալու  լավ պատրվակ եմ գտել, չէ՞:

 

Գանձասար:

Էլ որն ասեմ էլ որը: Մինչև որևէ բան ասելը, ճիշտ կլինի որ նշեմ՝ շատ մեծ դժվարությամբ եմ կարողանում մտքերս բառեր դարձնել, ասել էի ու կրկին եմ ասում՝ ավելի հեշտ է ոտքով հասնեմ Արցախ, քան գրեմ տպավորություններիս մասին: Գանձ, իսկական գանձ է Գանձասարը, հոգևոր գանձի թաքնված տիրակալ : Գանձեր ունի անտակ անծեր, հոգիդ բանաս, նվեր կտա քեզ: Ես էլ նվերն առա, էդ նվեր է, որ հանգիստ չի տալիս արդեն քանի գիշեր է. երազներումս է եկեղեցին, այնքա՜ն պարզ, այնքա՜ն հստակ, գեղեցիկ: Հետնաբակում, շունչդ կտրվելու աստիճան, լավն է աչքերիդ առաջ բացվող հորիզոնը՝ խաղաղ, կանաչ, կապույտ, էլի կանաչ ու էլի կապույտ: Խենթանալու գեղեցիկ:

 

Ասկերանի բերդ: Այ քեզ շինարարական հզոր միտք, թե ո՞նց են կառուցել, ի՞նչ են արել դժվար է ասել, բայց կա այն ինչ կա՝ երկու կողմերում տարածվող հսկա բերդ:

 

Մարտունի:

Ճիշտ է քաղաք են ասում, բայց…: Գյուղաքաղաք Մարտունի, կրկին  իրեն հատուկ կոլորիտով ու հետաքրիր արևադարձային ծառերով: Ունեին խաղահրապարակ՝ մեծ, գեղեցիկ: Այդ օրը գիշերեցինք Մարտունիում: Հատուկ օր էր՝ 4-րդ դասարանցի Արեգի ծնունդն էր, ում համար անակնկալ էինք պատրաստել: Դե պատկերացրեք, ժամը 12-ին ներս է սողոսկում 10-ից ավելի ճամփորդների խումբ ու  շնորհավոոոո՜ր: Ամենահավես ծննդյան տոնը, ես կերազեի այդ մասին: Մարտունիի թիվ 1 դպրոցում ունեցանք 2 սեմինարներ, որոնցից մեկի ժամանակ ներկայացրել եմ Տիգրան Հայրապետյան գրադարանը, ցույց տվել գրադարանից գիրք ներբեռնելու ուղեցույց-տեսադասը, word, power point ծրագրերով էլ. գիրք ստեղծելու հմտությունը: Ֆուտբոլի դաշտ ունեին դպրոցում, և՛ այդտեղ խաղացին մեր ֆուտբոլասեր տղաները, և՛ ,ուշադիր, հենց մարտունեցիների հետ անմիջական ու անկողմնակալ ֆուտբոլային խաղ անցկացրին խաղահրապարակում: Վայ, ինչ հավես էր: Գրում եմ, ու աչքիս առաջ տեսարաններ են՝ կենդանի, իրական:

Մարտունու Ճարտար գյուղ:

Ճիշտ են ասում, անվանը համապատասխան ճարտար էին գյուղի բնակինչները, հատկապես նխշուն բաջի-տատիներն ու ձեդոները: Երկարակյաց են, հա՜, հասցրեցի նկատել, շատ է լավ: Լուսինեն՝ Սաֆարյան, գյուղի միջին և ավագ դպրոցների հմայիչ պատմության ուսուցչուհին, մեզ հետ հավասար շրջեց գյուղում, ներկայացրեց պատմությունը, անգամ երգեց իր քաղցրահունչ ձայնով: Ճամբարի ընթացքում բանահավաքություն էլ պետք է անեինք, դե Ճարտարից էլ լավ տեղ: Ծանոթացանք 90 ամյա ձեդոյի հետ, ով մասնակցել էր երկրորդ համաշխարհայինին, մի քիչ լսողությունն էր տուժել, բայց դուք տեսնեիք ինչ կեցվածք ուներ այդ շքանշաններով արցախի քաջը: Ձայնագրել ենք, տեսագրել ենք, շուտով դա էլ կհանձնենք մեդիայի աշխարհին: Ձեդոյի տնից քիչ այն կողմ՝ աստիճաններին, նստած մեզ էին սպասում նխշուն բաջիները: Այ այդպիսին է Արցախ աշխարհի բաջին՝ հպարտ, անգամ կորստի ցավը սրտում: Սկզբում երկուսն էին, հետո դարձան երեք: Վերջինը Բաքվում էր ծնվել, այնքան ճտպտան ու հավես տատի էր, այքան համով էր խոսում: Ուշադիր նայելիս նկատում էիր, որ չնայած ծերությունը դրոշմ էր դրել բաջիի դեմքին, բայց գեղեցիկ դիմագծերը պահպանվել էին՝ խորն էին գնացել երկնագույն աչքերը, բայց խլվրոտում էին՝ խոսելով տիրոջ առույգ բնավորւթյան մասին: Բայց մի տատիկ կար, այդ երեքի մեջ, ում աչքերին պարզապես չէի կարողանում մեկ վայրկյանից ավել նայել. արցունք էր լցվում: Որդեկորույս մոր աչքերին դժվար է առանց հուզմունքի նայել: Այն էլ մեկ որդի չէ՝ երկու:

 

Աղդամ:

Անվանումն դեռ այն ժամանակ, երբ չէի էլ տեսել տարածքը, մի տեսակ խռովություն էր առաջացնում, տխրում էի անհասկանալի: Պարզվեց ՝ լավ էլ զգացել եմ, ու պատճառ էլ կար: Քաղաք, որը դարձել է պատմություն-ավերակ, հողին հավասարված կյանք: Գործող քաղաք, որի տեղը հիմա ավերակներ են, ու այքան է ավեր, որ լավ երևակայության դեպքում անգամ դժվար ես պատկերացնում՝ ինչպիսին էր եղել ծաղկուն ժամանակ: Մի պահ թվաց տներից մեկի ավերակներից աչքեր են նայում, ու ի՜նչ աչքեր, հիմա էլ գրելուց դող է անցնում մարմնովս, այնքան էին մռայլ, չարացած ու սարսռազդու, աչքեր որոնք օգնություն էին կանչում, լավ իմանալով, որ չի  գալու այն: Աղդամ: Ամեն անգամ արտասանելիս սիրտդ դաղվում է՝ աղ ու դամ, ավեր ու կրակ, մահ ու արյուն: Տեսարանը, երկար չեմ մոռանա, գիտեմ:

Ամարաս:

Ճերմակավոր օտարականը, ինձ համար նա մնաց օտար, երևի ժամանակի սղությունն էր պատճառը, բայց չհասցրի զգամ Ամարասը: Աղմկոտ էր  այդ օրը, ծնունդ կար, Երևանից եկել-հասել էին, որ հենց Ամարասում նշեին, խորհուրդ կար՝ ծննդյան 70 ամյա խորհուրդը: Եկեղեցու դիմաց մի հետաքրքիր ծառաստան կար, աչքիսց չվրիպեց մի ծառ, կամ  ծառի բույն՝ մարդու դեմքով, ահա նկարել եմ, որ տեսնեք:

 

Ստեփանակերտ:

Տիպիկ մայրաքաղաք, պճնված,  նոր սերնդից մեկը լինի ասես՝ նոր կառույցներով, կանաչապատ, նոր մեքենաներ, ոչ այն է Բաթում, ոչ այն է Երևան, չկողմնորոշվեցի այս հարցում: Գեղեցիկ է մայրաքաղաքը՝ մաքուր, խնամված, հատկապես կենտրոնական հատվածները: Մարդաշատ էր կենտրոնը՝ աշխույժ, երաժշտություն էր հնչում, շատրվաններ, ժպացող մարդիկ, փոքրիկներ: Մայրամուտը Ստեփանակերտում չքնաղ է, ու ինչ բախտավորություն, որ հանդիպեցինք: Կարմիրի բոլոր երանգները ճեղքում են Ստեփանակերտի երկինքը, մտնում ամպերի մեջ, դուրս գալիս, թափանցում հեռուները: Շատ էր գեղեցիկ :

 

Շուշի:

Եկանք  Շուշիի սրբասուրբ կենտրոնը, սպիտակ թագուհու մոտ: Ղազանչեցոցը  այն եկեղեցին էր, որը երազում էի տեսնել, չգիտեմ ՝ինչու՞, կանչն էր այդպիսին: Խաղաղվել եմ շատ տարօրինակ::) Հպարտ է Շուշին, բարձրահասակ գեղեցկուհու պես, ցած է նայում Ստեփանակերտին իր անառիկ բարձրունքից: Շատ եմ սիրել Շուշին, ասեմ նախապես, որ հետո ինչ էլ գրեմ, իմանաք, որ սրտիցս է բխում: Հրաշք  մարդիկ էին հյուրընկալել մեզ իրենց համերաշխ հարկի տակ: Եվս մեկ իդեալական ընտանիք, հրաշալի կազմ: Տիկին Նազիկ, ի՜նչ լավն է ձեր գանձը՝ ձեր ընտանքիը: Պարոն Միքայել Խաչատրյանը, այդ բազմազբաղ մարդը, չի զլանում , իր հագեցած առօրյայի ամենասկզբում՝ առավոտ կանուխ ՝ժամը 5.00-ի կողմերը, արթնանում ու իր այգին է խնամում: Արդար է հողը, հողի հետ աշխատանքը, ինչ տաս՝ այն հետ կստանաս, ու ստանում էր պարոն Միքայելը՝ ամենահամեղ մորին, վարունգը, կանաչին: Իսկ թոռնուհին՝ Քրիստինան, իր մայրիկի հետ մեզ այդ երկու օրը այքան համեղ բաներ հյուրասիրեցին, որ հիմա հաստատ մտածել է պետք՝ ոնց ենք նիհարելու:))))))) Համեղ էր ամեն բան, համեղ էր նրանց խոսքն ու զրույցը, կատակն ու հայացքները:

 

Ջդրդուզ:

Քամու թագուհին է Ջդրդուզը: Բարձր ու անհաս, գեղեցիկ հայացքով դեպի անդունդ է նայում: Բարձրին կանգնած՝ քեզ թվում  է՝ վերջ, այստեղ ես ծնվել, այստեղ էլ մնալու ես, ու վերանում է ժամանակ, տարի, ամեն-ամեն ինչ, դու ես, օդն ու սարերի կախարդիչ կանաչը: Բարձրությունից չեմ վախենում, չեմ էլ խիզախում, բայց այս բարձրությունն ուրիշ էր՝ դեպի իրեն քաշող, հմայող: Էդ պահերին է, որ նայում ես երկնքին, ու  մտածում՝ թև տար Աստված մի պտույտի: Թեկուզ վերջին, բայց գեղեցիկ պտույտի: Չես հագենում, նայում ես, էլի նայում, ուզում ես անհագի պես կամ կծել, կամ պոկել այդ պատկերը ու պահել որ հավերժանա այն քեզ մոտ, մեկ է, ազատ է Արցախը, չի բռնվում, հմայում է ու փախչում:

 

Հունոտի կիրճ:

Հրաշալիք: Բնությունը զորեղ շինարար է, բայց նա ռոմատիկ է եղել տեղ-տեղ, որովհետև Հունոտի կիրճը, այդ գողտրիկ դրախտը, թողել է արկածախնդիրների ու ռոմանտիկների համար: Չկա աշխարհում  այս տեղի նման այլ տեղ: Հունոտը միակն է իր առեղծվածով ու մամռոտ անձրևանոցների վրայով հոսոխ խշխշան ջրով: Այստեղ ես կդառնամ անբառբառ, որ չհասարակացնեմ այն հրաշքը, որը իրականում կա, եթե լուսանկարներում կհաջողվի զգալ, գոնե մոտավոր, ապա իմ վրայից կգցեմ այն նկարագրելու բեռը, կամ էլ  կասեմ՝ գնացեք տեսեք: Դա տեսնելու բան է, իսկապես:

 

Վերադարձին եղել ենք Խնձորեսկի Ճոճվող կամուրջում, Քարահունջում, բայց այս պատումը Արցախի մասին է, և Արցախը կթողնեմ իր պատկերներով: Սյունիքը կսպասի, նրա մասին էլ ասելիք ունեմ:

Արդեն մի քանի օր է ինչ Երևանում եմ, բայց ուր գնում եմ դիմացս Արցախն է ՝իր պատկերներով, անվերջ հմայող պատկերներով: Արթնանում եմ, գիտեմ դեռ Արցախում եմ: