RSS

Category Archives: Բանաստեղծույթուններ

Պարույր հավերժի Սևակ

Ի՜նչ զարմանալի աչքեր ունես դու.
Կարծես թե լինեն երկվորյակ լճեր
Հին հրաբխի զույգ խառնարանում:

Ի՜նչ հրաշագործ նայվածք ունես դու.
Ինչի նայում ես` քե՜զ ես նկարում:

Ծոծրակդ կարծես մթին անտառի բացատ է գողտրիկ,
Ուր սփռված են միայն հասմիկներ:

Մազերիդ բույրից
Հին աստվածներն են հարություն առնում
Դամբանում իրենց`
Ռունգներում իմ տաք:

Քնքշորեն ասված ամեն խոսքը քո
Եթեր է ճամփում ռադիոալիքներ,
Որոնց կարող է ամե՜ն ոք որսալ,
Ով երջանկության տառերը գիտի:

Քո նայվածքի հետ
Ինքըդ քեզանից զատվում – անջատվում,
Բազմապատկում ես ինքդ քեզ կարծես`
Շարժանկարի ժապավենի պես,
Որ… հազարնե՜րը հիանան` ձրի՛:

…Հազարի՜ նման մի աղջիկ ես դու,
Ում գտել եմ ես` մեկըս հազարից,
Եվ հիմա `
Քեզնից աստծո՜ւ չափ հեռու,
Նստած եմ ահա տխուր-երջանիկ
Ու դեռ փակ կրծքիդ տաք կաղապարով`
Ճերմակ գավաթով, սև սուրճ եմ խմում,
Որ անքնությունն իր բույնը հյուսի
Լարված ջղերիս մերկ ծառի վրա:

Advertisements
 

Սևակյան ուրիշություն…..

Իսկ դո՜ւ…
ՈՒրի´շ, ուրի՜շ ես դու:
Դու ծնվել ես
Կարծես այդպե´ս՝ հենց հագուստո՜վ…
Քո սեփական ստվերն անգամ
Քեզ փաթաթվում-ծածկում է քեզ՝
Խորհրդապաշտ թիկնոցի պես…
Ո´չ մի կոպիտ միտք ու տենչանք
Քեզ չի հասնում,
Իսկ հասնելիս՝
Քեզ դիպչելով ընկրկում է
ՈՒ վնասում
Հենց այդ մտքի կամ տենչանքի տիրոջն իրե՜ն,
Իրե´ն գցում իր իսկ աչքից…
ՈՒրի՜շ ես դու:
Քոպեսներին սիրում են լոկ,
Միա´յն սիրում…