RSS

Daily Archives: 8 Ապրիլի, 2015

Արագած լեռ

Արագած լեռ

Արագածը Հայաստանի ամենաբարձր լեռն է, իսկ Հայկական լեռնաշխարհում՝ չորրորդը:Այն ունի 4 գագաթ: Ամենաբարձրը հյուսիսայինն է՝ 4090մ:Արագածի անվան ծագումը կապված է մահի և հարության աստծո՝ Արայի կամ Արա Գեղեցիկ  արքայի (որը նույն Արգիշտին է) հետ. Արա + գահ = Արայի գահ: Արագածի լանջերին պահպանվել են նախամարդու մշակույթի և ոռոգման հնագույն ցանցի հետքեր, ջրակունքների մոտ քանդակված հսկա ձկներ՝ վիշապաքարեր, ինչպես նաև միջնադարյան ճարտարապետության  օրինակներ (Ամբերդ, Տեղեր):Ձնհալքը, անձրևաջրերը և աղբյուրները սկիզբ են տալիս բազմաթիվ գետերի՝ Գեղարոտ, Ամբերդ, Գեղաձոր, Ծաղկահովիտ և այլն: Արագածի վրա գտնվում են մի շարք գեղատեսիլ լճեր՝ Քարի, Ամբերդի, Լեսինգի և այլն:Արագածում միմյանց հաջորդում են կիսաանապատային, չոր լեռնատափաստանային, ալպյան և ձյունամերձ գոտիները:Արագածի կլիման փոփոխվում է ըստ բարձրության: Ստորոտից (1000մ) մինչև գագաթը տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է -3°C — +10°C: Լանջերին ամռանը չափավոր տաք է, ձմռանը՝ ցուրտ: Առկա է կայուն ձնածածկույթ (միջինում՝ տարեկան 250 օր):Լեռնազանգվածը հարուստ է խոտհարքներով և ալպյան փարթամ արոտավայրերով: Մարգագետինները լի են անուշահոտ ծաղիկներով՝ մանուշակ, վայրի շուշան, կակաչ, զանգակածաղիկ և այլն: Բարձր լեռնային գոտուն (2800-3400մ) բնորոշ են բազմերանգ «ալպյան գորգերը» և ձյունամերձ բուսականությունը: Հարավային լանջին (1800-2300մ) կա փոքրիկ կաղնու անտառ:Արագածի կենդանական աշխարհի ներկայացուցիչներն են ճագարամուկը, նապաստակը, աղվեսը, գայլը, մողեսները, մասամբ կրիաներն ու օձերը, շատ են թռչունները:Լեռնազանգվածը հրաբխային լավաներով ծածկված վահանաձև բարձրացում է, որի վրա ավելի ուշ ձևավորվել է հրաբխային կոնը: Հնագույն սառցապատումների ներգործությամբ հրաբխի խառնարանը վերածվել է ժայռային գագաթներով եզերված սառցադաշտային վիթխարի կրկեսի: Դրա հատակում կարելի է հանդիպել մնացուկային սառցադաշտեր:Արագած լեռը սերտորեն կապված է Հայաստանի զբոսաշրջիկության հետ: Այն հայ ժողովրդի ամենասիրված լեռներից է: Արագածին են նվիրված բազմաթիվ երգեր ու բանաստեղծություններ:

աղբյուր՝ http://www.findarmenia.com/arm/nature/aragatz