RSS

Daily Archives: 15 Մարտի, 2015

Կուրթան, Հնեվանք, Լոռի բերդ

Կուրթան

Բնակչություն` 2252 մարդ

Գյուղը գտնվում է Ստեփանավան քաղաքից 18կմ հարավ-արևելք, հեռավորությունը մարզկենտրոնից 36կմ: Հիմնադրվել է  մոտավորապես 16-րդ դարի կեսերին: Գյուղում և շրջակայքում պահպանվել են՝ եկեղեցի, Հնավանքը (X-XIVդդ), խաչքարեր, կամուրջներ եւ այլ շինության մնացորդներ:
   

Գյուղում գտնվում է  Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 6-րդ դարում:
Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 981-1350 մ բարձրության վրա: Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով: Հաճախակի են չորային, երաշտի տարիները, որից շատ է տուժում գյուղատնտեսությամբ զբաղվող կուրթանցին:
Ունի միջնակարգ դպրոց, կառուցված 1985թ., վերանորոգված, մշակույթի տուն, գրադարան, թանգարան:

Հնեվանք

Հնեվանք վանքային համալիրը գտնվում է Լոռու մարզի Կուրթան գյուղից արևելք, Ձորագետի աջ ափին։Թմբուկի վրա եղած արձանագրության համաձայն, եկեղեցին 1144թ.-ին վերանորոգել է Սմբատ Օրբելյանը։ XII-XIIIդդ. Հնեվանքը եղել է քաղկեդոնական։

Եկեղեցուն արևմուտքից կից գավիթը, ըստ մուտքից վեր գտնվող արձանագրության, կառուցվել է 1186-1206թթ.-ին։ 2006թ. սկսվել են վերանորոգման աշխատանքները:

Լոռի բերդ

Լոռի կամ Լոռե բերդը գտնվում է Ստեփանավանից մոտ 5 կմ հյուսիս-արևելք` Ձորագետի ձախ ափին։ Հիմնադրել է Դավիթ Անհողինը հավանաբար՝ 1005 — 1020 թթ.։

Լոռիում 20-րդ դարի կեսերից հնագիտական ուսումնասիրություններ է կատարում Երևանի պետական համալսարանի արշավախումբը։ Պեղվել են XI — XIII դդ. 2 բաղնիք. մեկը բաղկացած է հանդերձարանից, 3 լողասրահներից, հնոցից և սառը ջրի ամբարից, մյուսը՝ հանդերձարանից, լողասրահից և ջեռուցարանից։ Բաղնիքների լողասրահները և հանդերձարաններն ունեն կրկնակի հատակ, որոնց միջից անցնող հնոցի ծուխն ու գոլորշին տաքացրել են վերին հատակը, պատերը ներսից պատված են ջնարակած աղյուսի բազմագույն սալիկներով։ Բացվել են նաև երկհարկանի պալատական կառույց (պահպանված է միայն աոաջին հարկը), 2 ջրավազան (շատրվաններով), որոնք ներսից պատվել են բազմագույն ջնարակապատ սալիկներով։ Ավազաններում ջրի մակարդակը կարգավորվել է համապատասխան խողովակով, որով ավելացած ջուրը հասել է Ձորագետի կիրճը։ Պեղված է Դավիթ Անհողինի կնոջը վերագրվող մատուռ-դամբարանը, որը ներսում ունեցել է 4 զույգ որմնասյուների վրա հենվող 4 խաչաձևվող կամարներ, որոնց հատման տեղից սկսվել է գմբեթը։ Գմբեթի շաղախի մեջ, ծածկի լիցքը թեթևացնելու նպատակով, դրվել են կավանոթներ։ Լոռու բերդը կառուցված է սովորական բազալտից:

Քաղաքին կավե խողովակներով խմելու ջուր է մատակարարվել 5 կմ հեռավորության վրա գտնվող աղբյուրներից, իսկ տեխնիկական ջուր՝ խողովակաշարի վրայով հոսող բաց առվով։
Լոռիից գտնվել են աշխատանքի գործիքներ, զենքեր, զարդեր, կավե բազմապիսի անոթներ և ծխամորճներ, ապակե ջրամաններ, ճենապակյա, հախճապակյա, ոսկրե և քարե առարկաներ, դրամներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ Լոռիում զարգացած են եղել արհեստների բազմաթիվ ճյուղեր։

 

Պիտակներ՝