RSS

Daily Archives: Հուլիսի 5, 2014

Ընթերցասերի ամառ

«Ամառային ընթերցանություն» ծրագիրը նախաձեռնել է «Զանգակ» հրատարակչությունը: Ծրագրի մասնակիցը դառնալու համար շատ բան հարկավոր չէ. 8-18 տարեկա՞ն եք, սիրո՞ւմ եք կարդալ, դե ուրեմն միացեք: Ծրագրին մասնակցելու համար հարկավոր է գնել  ներկայացված ցանկից մեկ գիրք և դու արդեն մասնակիցն ես ամառային հեքիաթի:  Ծրագրում արդեն ներառված է  15 գիրք, այդ թվում Շեքսպիրի «Մակբեթ», «Փոթորիկ», «Ռոմեո և Ջուլիետ», «Ամռան գիշերվա երազը» ստեղծագործությունների վերապատումները՝  հատուկ երեխաների համար. «Թվում է` Շեքսպիր կարդալը դժվար է, բայց պատմությունները փոքր տարիքի ընթերցողին են հարմարեցված. նրանց պատմությունն է գրավում, ոչ թե լեզվաոճական առանձնահատկությունները»,-ասում է «Զանգակ»-ի ծրագրերի ղեկավար Սոնա Մնացականյանը:

Այս անգամ հանդիպումը տեղի ունեցավ Ազատության 1  հասցեում գտնվող Իքսորա գրատանը: Զով, հարմար ու գրքաշատ միջավայրում էլ տեղի ունեցավ ամառային ընթերցանության հերթական հանդիպումը: Հանդիպման անակնկալներից էր գրքային հերոսներից մեկի, բոլորի կողմից շատ սիրված ՝ երկարագուլպա Պիպիի ներկայությունը: Նա, չնայած իր անհանգիստ, հանդուգն, կամակոր բանվորությանը, պատկերացրեք, որ բավական ընթերցասերը դուրս եկավ՝ կարդացել էլ ամառային ընթերցանության ցանկում տեղ գտած գրքերից գրեթե բոլորը: Դե, Արեգ Սերոբյանը, ինչպես միշտ, իր անառիկ բարձունքում էր՝ ընթերցել էր բոլոր գրքերը, մեկն էլ ընթացքի մեջ է: Շշմելու տղա, շշմելու եղբայրներ: Դե Վահագն էլ, ինչ հնարավոր էր ուսումնասիրեց իր հուր արձակող աչքերով,վերջում մի փազլ հաջողացրեց նվեր ստանալ մայրիկից, Տիգրանն էլ ակտիվ մասնակցեց ընթերցանության քննարկմանը, չտեսնված եղբայրներ են՝ մեկը մյուսին չէր զիջում: Վերջում առիթ ունեցա զրուցելու ծրագրի համակարգող-ղեկավար Սոնայի հետ, ով արդեն քաջատեղյակ է մեր կրթահամալիրից ու նրա ընթերցասեր սովորողներից, ինձ Ֆեյսբուքից գիտեր՝ դե պարբերաբար Զանգակի նյութերը վերահրապարակելու շնորհիվ: Առիթը բաց չթողեցի ու հրավիրեցի մեր Ինտելեկտուալ ընթերցանության ակումբին ներկա լինել, մասնակցել քննարկումներին, ծանոթանալ քննարկվող ստեղծագործություններին: Ճիշտ է, ակումբի 2-րդ հանդիպումը  համընկնում է Ամառային ընթերցանության ծրագրի հերթական հանդիպմանը, բայց Սոնան հավատացրեց, որ  կհետևի և հարմար առիթի դեպքում՝ սիրով կհյուրընկալվի: Գրքի հետ մտերմանալու լավագույն առիթներից, կեցցե՛ք Զանգակ հրատարակչության զրնգուն  աշխատակիցներ, փայլուն գաղափար է:

Հ. գ- Հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 9-ին՝ ժամը 13.00-ին Էդիթ Պրինտ գրատանը, հասցե՝ Տիգրան Մեծի պողոտա 65

Advertisements
 

Պիտակներ՝