RSS

Daily Archives: Մարտի 2, 2014

Բուն Բարեկենդան (Մեծ պահքի առաջին կիրակի)

P1140843

Մեծ պահքի առաջին կիրակին ունի արարչության առաջին օրվա ու այս կյանքի առաջին դարի խորհուրդը և կոչվում է «Բուն բարեկենդան»: Ինչպես Դրախտում, մինչև անհնազանդությունը, «առաջին պատմուճանով» զարդարված նախաստեղծները ճաշակում էին Եդեմի անուշահամ պտուղները և ուրախանում հրեշտակների հետ, այդպես էլ այսօր Եկեղեցու զավակները, զարդարված Աստծու օրենքներով և ճաշակելով Աստծու պատվիրանները, ցնծում են և հոգևոր օրհնություններ վերառաքում:
Բուն բարեկենդանի նախորդ օրը՝ Երեկոյան ժամերգությանը, վարագույրով ծածկում են եկեղեցու բեմը, որը խորհրդանշում է Ադամի արտաքսումը Դրախտից, և այնուհետև՝ մինչև Ծաղկազարդ,Ավետարանը չի համբուրվում և «Հաւատամքի» ու «Կեցցոյի» ժամանակ չի բարձրացվում՝ ի տես ժողովրդին: Եկեղեցու խորհուրդները նման են ծածկված գանձի, և ով փնտրի, նա կգտնի այն ու կհանի հին ու նոր մեկնություններ՝ համաձայն Տիրոջ խոսքի. «Երկնքի արքայությանն աշակերտած ամեն մի օրենսգետ նման է տանուտեր մարդու, որ իր գանձերից հանում է նորն ու հինը» (Մատթ. ԺԳ 44, 52): Սա ճիշտ է նաև բարեկենդանի խորհրդի համար, որը պահքի սկիզբն է:
Ինչպես մենք այսօր ստանում ենք պահքի պատվիրանը մարգարեներից, առաքյալներից ու ավետարանիչներից, այդպես էլ առաջին մարդը պատվիրան ստացավ Տիրոջից Դրախտում. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող եք ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՜ կերեք» (Ծննդ. Բ 16-17): Եվ ըստ այդ օրենքի՝ ամեն ծառից ուտելը խորհրդանշում է բարեկենդանը, իսկ մեկից չուտելը, որը Դրախտի մեջտեղում է, խորհրդանշում է պահքը, որը Բուն բարեկենդանի և Զատկի մեջտեղում է:
Սուրբ հայրերն ավանդում են, որ բարեկենդանը Դրախտի փափկության օրինակն է, իսկ նրանում եղող ծառերն ու բողբոջները՝ Եկեղեցու զավակների օրինակը: Կենաց ծառը, որը Դրախտի մեջտեղում է, Քրիստոսի օրինակն է Եկեղեցում, իսկ պտղաբեր ծառերն ու զանազան երփներանգ, անուշահոտ բույրով ծաղիկները առաքյալներն են, մարգարեները և ավետարանիչները, ինչպես նաև Եկեղեցու սուրբ վարդապետները, ովքեր փայլում են նոր զգեստներով: Նրանք Քրիստոսի անուշ բուրմունքն են՝ ըստ Պողոսի խոսքի. «Քրիստոսի անուշ բուրմունքն ենք Աստծու առջև» (Բ Կորնթ. Բ 15):
Արդ՝ Բուն բարեկենդանի ու Զատկի օրերը պահքի հետ միասին կազմում են հիսուն օր, իսկ հիսունը հոբելյանական թիվ է և խորհրդանշում է մեր ազատությունը մեղքերի ծառայությունից ու դարձը դեպի մեր հայրենին՝ ըստ հոբելյանի օրենքի (տե՜ս Ղևտ. ԻԵ 10): Բուն բարեկենդանը ցույց է տալիս մեր այս կյանքից ելնելը, ինչպես բարեկենդանի օրը ելնում ենք մարմնավոր կերակուրներից, քանզի մինչև Զատիկ այլևս չենք ուտելու, իսկ Զատիկը ցույց է տալիս կյանքի մեջ մտնելը, քանզի այդ օրը ճաշակում ենք երկնային Գառը, որը ցույց է տալիս, որ Քրիստոսի չարչարանքների միջոցով արժանանում ենք վերին խորանին և Նրա անպատում բարիքներին:
Բուն բարեկենդանի օրը փակվում է Եկեղեցու վարագույրը՝ Ադամի Դրախտից ելնելու խորհրդով, և մինչև Զատիկ Ավետարանն այլևս չի համբուրվում, ինչպես Ադամը զրկվեց Կենաց ծառի ճաշակումից: Այսօր վանքերում ամենուր չափավոր վայելքներ են թույլատրվում, քանզի հաջորդ օրն այլևս հրաման չկա ուտելու: Սա վերցված է Եղիային ուղղված հրեշտակի խոսքից. «Ելի՜ր, կե՜ր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Գ Թագ. ԺԹ 7), և այդ երկար ճանապարհը քառասնօրյա պահքի շրջանն է: Այդպես էլ այսօր մեզ համար կան մարմնավոր կերակուրներ, քանզի առջևում մեզ երկար պահք է սպասվում: Ինչպես օրինակ՝ հասնելով լեռան ստորոտին՝ գրաստի վրայից վերցնում ենք բեռները՝ թույլ տալով մի որոշ ժամանակ արածել, նույնպես և վարվում ենք բարեկենդանի ժամանակ, քանի որ պահքի լեռն ենք բարձրանալու:
Բարեկենդանն արձակումն է պահքի նեղություններից, որը նշանակում է փոփոխություն՝ ի հակադրություն ծոմի ու ծարավի, այսինքն՝ մատնացուցում է ուտելն ու խմելը՝ իբրև անցում սուգից դեպի ուրախություն, տքնությունից՝ փափկակեցություն, չարչարանքից՝ հանգստություն և այլն: Բարեկենդանը խորհրդանշում է նաև Դրախտի կյանքն առանց որևէ կարոտության, իսկ պահքն այս կյանքի կարոտություններն է խորհրդանշում:
Եվ դարձյալ՝ բարեկենդանը խորհրդանշում է հոգու ամբողջովին փարթամացած առաքինությունները, իսկ պահքը՝ չարությունը, որովհետև չարությունից հոգին նվազում է ու կարոտում ամեն տեսակ բարիքների, ինչպես որ պահքից մարմինն է նվազում:

Read the rest of this entry »

Advertisements
 

Պիտակներ՝

Պահքի բնույթը

526834_434241659996464_209716509_n

Պահքը երկու բնույթ ունի, մեկը՝ զերծ մնալ, պահել մեղքերից, իսկ մյուսը՝ պահել մարմինը՝ հրաժարվելով որոշ տեսակի կերակուրներից ու ըմպելիքներից: Երկուսն էլ բարի են, սակայն մեղքերից պահելն ավելի կարևոր է երկու պատճառով:
Նախ՝ որովհետև չկա հրաման՝ միշտ պահել մարմինըկերակուրներից, այլ դա լինում է պահոց օրերին, սակայն կա հրաման՝ ամեն օր հեռու մնալ մեղքերից:
Երկրորդ՝ մեղքերից պահելն օգտակար է անգամ առանց մարմնավոր կերակուրներից պահելու, սակայն առանց մեղքերից պահելու մարմնավոր կերակուրներից պահելը ոչ մի օգուտ չի տալիս: Ուստի, վարդապետներն ասում են, որ այն պարագային է մարմնի պահքը գեղեցիկ, երբ հոգին իրեն զերծ է պահում մեղքերից: Եվ ի՞նչ օգուտ մարմինը պահքով նիհարեցնելուց, եթե հոգին գիրանում է մահացու մեղքերով:
Դարձյալ՝ ով պահում է մարմնավոր կերակուրներից, սակայն իր անձը չի պահում մահացու մեղքերից, նրա պահքը նման է սատանայի պահքին, որովհետև սատանան ամենևին չի ուտում, սակայն երբեք չի դադարում մեղանչելուց: Այսպիսի պահքով Աստծուն չեն ընծայվում, ինչպես այդ մասին ասում է Եսային՝ դիմելով Աստծուն ժողովրդի անունից. ՙԱյդ ինչպե՞ս է, որ մենք ծոմ պահեցինք, և Դու չտեսար, զրկանքների ենթարկեցինք մեզ, և դու չիմացար՚: Սրան Աստված պատասխանում է հետևյալ կերպ. «Ձեր ծոմապահության օրերին ձեր ցանկություններն էիք կատարում և կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակա են ձեզ: Հակառակության ու կռիվների մեջ եք պահում և բռնցքահարում տկարին: Իմ ինչի՞ն է պետք այդպիսի ծոմապահությունը: Այդպիսի ծոմապահությունը չէ, որ Ես ընտրեցի: Քանդի՜ր անիրավության հանգույցները և ների՜ր ու արձակի՜ր նեղյալներին» (տե՜ս Եսայի ԾԸ 3-6): Այսինքն՝ պահի՜ր քեզ ամեն մեղքից, և այդպիսի պահքն ընդունելի կլինի:
Ոմանք պահքի օրերին ոչխարի միս չեն ուտում, սակայն մարդու «միս են ուտում», որն առավել ծանր է, քանի որ անխտիր բամբասում են և սուտ վկայում: Պետք է ամեն օր պահվել մեղքերից, առավել ևս՝ տոն և կիրակի օրերին:
Ժողովրդի մեջ տարածված մի անարգ սովորություն կա, որ տոն օրերին ավելի շատ են մեղք գործում, քան մյուս օրերին, որովհետև ամբողջ շաբաթ զբաղված են լինում իրենց գործերով, իսկ կիրակի օրն անց են կացնում հարբեցողության և խեղկատակության մեջ:

աղբյուր՝ http://ter-hambardzum.net/archives/4487

լուսանկարը՝ անձնական արխիվից

 

Պիտակներ՝