RSS

Թումանյան / Քառյակներ

11 Փտր

26360_343364129102582_1128368211_n

Ա՜նց կացա՛ն…
Օրերս թըռան, ա՜նց կացա՛ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՛ն, ա՜նց կացա՛ն:

1890

***

Վերջացա՛վ…
Կյանքըս մաշվեց, վերջացա՛վ.
Ինչ հույս արի՝ փուչ էլավ,
Ինչ խընդություն՝ վերջը ցա՛վ:
1890

***

Ո՞ւր կորա՛ն…
Մոտիկներըս ո՞ւր կորա՛ն,
Ինչքան լացի, ձեն ածի՝
Ձեն չի տըվին, լո՛ւռ կորան:

1916

***

Ետ չեկավ…
Գընա՛ց, գընա՛ց, ետ չեկավ,
Անդարձ կապով սև հողում
Կապվե՛ց, մընա՛ց, ետ չեկավ:

1916

***

Հիմի բացե՛լ են հանդես
Երգիչները իմ անտես.
Ջա՛ն, հայրենի՜ ծըղրիդներ,
Ո՞վ է լսում հիմի ձեզ:

1916

***

Ծով է իմ վիշտն, անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը՝ լիքն աստղերով:

1917

***

Քանի՛ մահ կա իմ սըրտում,
Թափուր գահ կա իմ սըրտում.
Չէ՞ դու էլ ես մահացու.
Մահի ահ կա իմ սըրտում:

1917

***

Կյանքից հարբած անցավոր,
Ահա դարձյալ անցավ օր,
Դու վազում ես դեպի մահ —
Մահը բըռնում հանցավոր:

1917

***
Ե՜տ եկե՛ք…
Գարնան վարար գետ եկե՛ք,
Անցա՛ծ օրեր, խինդ ու սե՜ր,
Դարձե՛ք, իրար հետ եկե՛ք:

1917

***
Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մըտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկըսվում է ամեն օր:

1917

***
Զուր եմ փախչում, ինձ խաբում,
Հազար կապ է ինձ կապում.
Ամենքի հետ ապրում եմ,
Ամենքի չափ տառապում:

1917

***
Ո՛վ իմանա՝ ո՜ւր ընկանք,
Քանի՜ օրվա հյուր ընկանք,
Սերն ու սիրտն էլ երբ չըկա՝
Կըրա՛կ ընկանք, զո՛ւր ընկանք:

1917

***
Երազումըս մի մաքի
Մոտըս եկավ հարցմունքի.
— Աստված պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի…

1917

***
Ինչքա՛ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել, —
Վատը՝ լավ եմ տեսել ես:

1917

***
Քանի՛ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել՝ լույս տըվել,
Լույս տալով եմ ըսպառվել:

1917

***
Մընացել է բերդը մեզ,
Հաղթանակի երթը մեզ.
Անց են կացել՝ ով կային,
Հիմի կըգա հերթը մեզ:

1917

***
Հոգիս՝ տանը հաստատվել —
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նըկատել:

1917

***
Ո՛նց է ժըպտում իմ հոգին
Չարին, բարուն, — ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին:

1918

***
Ի՛նչ ես թըռչում, խև-դև սի՜րտ,
Հազար բանի ետև, սի՜րտ,
Ես ո՞նց հասնեմ հազար տեղ
Քեզ պես թափով, թեթև, սի՜րտ:

1918

***
Իմ սո՛ւր, արթուն ականջում
Մի խոր ձեն է միշտ հընչում,
Անհո՛ւն, անքո՛ւն կարոտով
Իրեն մոտ է ինձ կանչում:

1918

***
Լինե՛ր հեռու մի անկյան,
Լինե՛ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն:

1918

***
Մի հավք զարկի ես մի օր.
Թըռա՛վ, գընաց վիրավոր:
Թըռչում է միշտ իմ մըտքում
Թևը արնոտ ու մոլոր:

1918

***
Երկու շիրիմ իրար կից,
Հավերժական լուռ դըրկից,
Թախծում են պաղ ու խորհում
Թե՝ ի՛նչ տարան աշխարհքից:

1918

***
Ո՞վ է ձեռքով անում, ո՞վ,
Հեռվից անթիվ ձեռքերով՝
―Ջա՛ն, հայրենի անտառներ,
Դուք եք կանչում ինձ ձեր քով:

1918

***
Աշնան ամպին ու զամպին,
Մոլոր նըստած իր ճըմփին,
Լոռու հանդում՝ մի արտուտ
Նայում է միշտ իմ ճամփին:

1918

***
Կըլթացնում են, արտորում
Արտուտները արտերում,
Թըռչում մանուկ հոգուս հետ,
Ճախրում, ճըխում եթերում:

1918

***
Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան:

1918

***
Մեռա՛ն, մեռա՛ն… Եվ ահա,
Խառնըվել են կյանք ու մահ.
Չեմ հասկանում աշխարհքի
«Կան ու չըկան» ես հիմա:

1919

***
Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
Հեքիաթական պալատներում ըսպասում են իմ հոգուն.
Ի՛նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի…
Ա՛խ, թե, նորից գըտնեմ ճամփան դեպի էնտե՛ղ, դեպի տո՛ւն…

1919

***
Դու մի անհայտ Բանաստեղծ ես, չըտեսնըված մինչ էսօր.
Առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր:
Ես էլ, ասենք, զարմանալի Ընթերցող եմ բախտավոր,
Որ կարդում եմ էդ երգերը էսքան հեշտ ու էսքան խոր:

1919

***
Հե՛յ ագահ մարդ, հե՛յ անգոհ մարդ, միտքըդ երկար, կյանքըդ կարճ
Քանի՛ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՛նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՜նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ:

1919

***
Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
Տանջում, տանջվում, որոնում է ու դըժբախտ է նա կըրկին.
Է՛յ անխելք մարդ, ե՞րբ տի թողնես ապրողն ապրի սըրտալի,
Ե՞րբ տի ապրես ու վայելես էս աշխարհքը շեն ու լի:

1919

***
Քուն թե արթուն՝ օրիս շատը երազ եղավ, անցկացավ,
Երազն էլ, նուրբ ու խուսափուկ, վըռազ եղավ, անցկացավ.
Վըռազ անցան երազ, մուրազ, ու չըհասա ոչ մեկին,
Կյանքըս թեթև տանուլ տըված գըրազ եղավ, անցկացավ:

1919

***
Ո՞ր աշխարհքում ունեմ շատ բան. միտք եմ անում՝ է՞ս, թե էն.
Մեջտեղ կանգնած՝ միտք եմ անում, չեմ իմանում՝ է՞ս, թե էն.
Աստված ինքն էլ, տարակուսած, չի հասկանում ինչ անի.
Տանի՛, թողնի՛, — ո՞րն է բարին, ո՞ր սահմանում, է՞ս, թե էն:

1919

***
Կորցըրել եմ, ո՞ւր գըտնեմ,
Տեղըդ իմաց տուր՝ գըտնեմ,
Ման եմ գալի էս մըթնում
Քեզ մոտ գալու դուռ գըտնեմ:

1920

***
Ի՞նչ իմանաս ըստեղծողի գաղտնիքները անմեկին. —
Ընկեր տըվավ, իրար կապեց էս աշխարհքում ամենքին.
Բանաստեղծին թողեց մենակ, մե՛ն ու մենակ իրեն պես,
Որ իրեն պես մըտիկ անի ամեն մեկին ու կյանքին:

1920

***
Խայամն ասավ իր սիրուհուն. — Ոտըդ ըզգույշ դիր հողին,
Ո՛վ իմանա ո՜ր սիրունի բիբն ես կոխում դու հիմի…
Հե՛յ, ջա՛ն, մենք էլ ըզգույշ անցնենք, ո՛վ իմանա, թե հիմի
Էն սիրուհու բի՞բն ենք կոխում, թե հուր լեզուն Խայամի:

1920

***
Երնեկ էսպես՝ անվերջ քեզ հետ — իմ կյանքի հետ լինեի.
Հազար երնեկ՝ դաշտում մենակ՝ երկընքի հետ լինեի.
Բայց ո՜վ կըտա էն վայելքը՝ ինքըս ինձ էլ չըզգայի,
Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի….

1920

***
Լուսը լուսին քու ժպիտն է իմ երեսին ճառագում,
Երբ, ա՜խ, արդեն անբույժ զարկված, դեպի մահն եմ ես հակվում.
էսպես էն վառ արեգակի շողերի տակ կենսածոր
Կայծակնահար կաղնին ոտքի չորանում է օրեցօր:

1920

***
Առատ, անհատ՝ Աստծու նըման՝ միշտ տեղալուց հոգնել եմ ես.
Հոգիս ծարավ՝ սըրան-նըրան մըտիկ տալուց հոգնել եմ ես.
Մինը պիտի գար իմ դեմը՝ ճոխ ու շըռայլ անհաշիվ,
Ամեն ճամփում ըսպասելուց ու փընտրելուց հոգնել եմ ես:

1921

***
Ես շընչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր.
Ես լըսում եմ նըրա անլուռ կանչն ու հունչը ամենուր.
Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին
Տիեզերքի խոր մեղեդին ու մըրմունջը ամենուր:

1921

***
Արյունալի աղետներով, աղմուկներով ահարկու,
Արևմուտքի ըստրուկները մեքենայի և ոսկու՝
Իրենց հոգու անապատից խուսափում են խուռներամ
Դեպ Արևելքն աստվածային — հայրենիքը իմ հոգու…

1921

***
Ամեն անգամ Քո տըվածից երբ մի բան ես Դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՞նչքան է դեռ մընում, —
Զարմանում եմ, թե՝ ո՛վ Շըռայլ, ի՛նչքան շատ ես տըվել ինձ,
Ի՛նչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից:

1921

***
Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՛նչ կա որ.
Ես եղել եմ, կա՛մ, կըլինեմ հար ու հավետ, ի՛նչ կա որ,
Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՛նչ կա որ:

1921

***
Ասի. «Հենց լոկ էս աճյունն է ու անունը, որ ունեմ…»
Երբ ճառագեց անծայրածիր քո ժըպիտը հոգուս դեմ.
―Ի՛նչ է աճյունն էդ անկայուն, ու անունը, որ ունես,
Դու աստվա՛ծ ես, դու անհուն ես, անանուն ես ու անես…

1921

***
Աստեղային երազների աշխարհքներում լուսակաթ,
Մեծ խոհերի խոյանքների հեռուներում անարատ,
Անհիշելի վերհուշերի մըշուշներում նըրբաղոտ՝
Երբեմն, ասես, ըզգում եմ ես, թե կը հասնեմ Նըրա մոտ…

1921

***
Բարձր է հընոց աշխարհքն Հայոց ու Մասիսը երկնադետ.
Իմ խոր հոգին էն բարձունքին խոսք է բացել Նըրա հետ —
Անհաս բանից, ըսկզբանից, երբ չըկան էլ դեռ չըկար,
Մինչև վախճանն անվախճանի քընընում է դարե դար:

1921

***
Ո՛վ անճառ Մին, որ ամենին միացնում ես մի կյանքում,
Ամեն կյանքում ու երակում անտես, անկեզ բորբոքում, —
Ողջ ազատ են ու հարազատ էս աշխարհքում Քեզանով,
Ողջը Քո մեջ՝ անմա՛հ, անվերջ՝ Քեզ են երգում Քո ձենով…

1921

***
Աստծու բանտն են տաճարները — աշխարհքներում բովանդակ.
Իբր էնտեղ է ապրում տերը, պաշտողների փակի տակ:
Հարկավ՝ ազատ նա ժըպտում է ամենուրեք ամենքին,
Բայց դու նայիր խեղճ ու կըրակ մարդու գործին ու խելքին:

1921

***
Կյանքըս արի հըրապարակ, ոտքի կոխան ամենքի.
Խափան, խոպան ու անպըտուղ, անցավ առանց արդյունքի:
Ինչքա՛ն ծաղիկ պիտի բուսներ, որ չըբուսավ էս հողին…
Ի՛նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տըվողին…

1921

***
Իմ կընունքին երկինքը՝ ժամ, արևը՝ ջահ սըրբազան,
Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն՝ ավազան.
Սարը եղավ կընքահայրըս, ցողը՝ մյուռոն կենսավետ,
Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ:

1921

***
Ամեն մի սիրտ ցավով լըցվեց մեր դարում,
Ցավոտ սըրտով աշխարհ լըցվեց մեր դարում.
Ցավոտ աշխարհքն եկավ լըցվեց բովանդակ
Իմ սիրտը բաց, իմ սիրտը մեծ մեր դարում:

1922

***
Աղբյուրները հընչում են ու անց կենում,
Ծարավները տենչում են ու անց կենում,
Ու երջանիկ ակունքներին երազուն՝
Պոետները կանչում են ու անց կենում:

1922

***
Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին:

1922

***
Էնքան շատ են ցավերն, ավերն իմ սըրտում,
Էնքան անթիվ կորած լավերն իմ սըրտում…
Չեմ էլ հիշում չար ու խավար էս ժամին՝
Ե՜րբ են փայլել ուրախ օրերն իմ սըրտում:

1922

***
— Էս է, որ կա… ճիշտ ես ասում. թասըդ բե՜ր:
Էս էլ կերթա՝ հանց երազում, թասըդ բե՜ր:
Կյանքն հոսում է տիեզերքում զընգալեն,
Մեկն ապրում է, մյուսն ըսպասում. թասըդ բե՜ր:

1922

***
Հե՛յ ճամփանե՜ր, ճամփանե՜ր.
Անդարձ ու հին ճամփաներ,
Ովքե՞ր անցան ձեզանով,
Ո՞ւր գընացին, ճամփաներ:

1922

Advertisements
 

Պիտակներ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: