RSS

Daily Archives: Փետրվարի 8, 2014

Գրքերի գրոհ 2014

1620610_798306250195907_806552986_n

Գուրգեն Մահարու երկերի լիակատար հավաքածուի սկիզբը, Սըր Ալեքս Ֆերգյուսոնի ինքնակենսագրությունը, Սթիվ Ջոբսի արտոնագրված կենսագրությունը, Լևոն Խեչոյանի շատ երկար սպասված ստեղծագործությունը և այլ կարևոր գրքեր, որոնք կհրատարակվեն 2014 թվականին Հայաստանում և որոնք պետք է ունենալ անձնական գրադարանում:

 

2013-ի փորձությունը
Անցած տարին գրքի ու գրահրատարակչության համար յուրօրինակ փորձության տարի էր: Հետաքրքիր էր տեսնել՝ 2012-ին Երևանի՝ որպես գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղո՞սն էր որոշակի աշխուժություն առաջացրել այդ ոլորտում, թե՞ հայաստանյան հրատարակչությունները վերջապես սկսել են գործել նախօրոք մշակված հեռագնա ծրագրերով, և գրքի մայրաքաղաքի տիտղոսը հրաշալի առիթ էր այդ ծրագրերի մեկնարկը վերջապես տալու համար: Պարզվեց, անշուշտ, որ, այո, կան այսպես կոչված՝ «գրքի ու գրականության նվիրյալներ», որոնք չգիտես որտեղից հայտնվեցին հենց 2012-ին ու նույն առեղծվածայնությամբ էլ անհետացան գրքի մայրաքաղաքի տիտղոսը Երևանից Բանգկոկին փո-խանցելուն պես կամ շարունակում են իրենց խորհրդանշական «գործունեությունը»:

Բայցև պարզվեց, որ լավատեսությունն էլ անհիմն չէ, որովհետև 2013-ին հատկապես «Անտարես», «Զանգակ-97», «Սարգիս Խաչենց», «Փրինթինֆո», «Էդիթ Պրինտ» հրատարակչությունները շարունակեցին ակտիվ ու նպատակասլաց հրատարակչական գործունեությունը և մեր գրադարակները հարստացրեցին բազմաթիվ արժեքավոր գրքերով: Մասնավորապես՝ «Անտարեսը» ստեղծեց նոր մատենաշար՝ «Օտար գիր» խորագրով, որտեղ բնագրից կատարված թարգմանությամբ լույս կտեսնեն համաշխարհային գրականության թե՛ դասական, թե՛ ժամանակակից գործեր, ընդ որում՝ դրանց մեծագույն մասը հայերեն լույս կտեսնի առաջին անգամ: Արդեն լույս են տեսել Միգել դե Ունամունոյի «Մառախուղը», Ալբերտո Մուսսայի «Ձախ կողմի վարպետը», Ահմեդ Համդի Տանպինարի «Խաղաղություն» վեպերը: Մյուս՝ «Կողմնացույց» մատենաշարը հասցեագրված է պատանիներին՝ Դանիել Դեֆո՝ «Ռոբինզոն Կրուզո», Մարկ Տվեն՝ «Թոմ Սոյերի արկածները» և այլն: Եվս 6 գրքով ավելացավ «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարը, այդ թվում՝ Ալեն-Ֆուռնիեի «Երկար Մոլնը», Էմիլ Զոլայի «Թերեզ Ռաքեն», Լևոն Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» վեպերը: Եվ իհարկե, լույս տեսան ժամանակակից հայ գրողների գրքեր, որոնցից պետք է առանձնացնել հատկապես Հովհաննես Գրիգորյանի, Ավագ Եփրեմյանի, Հակոբ Մովսեսի, Հուսիկ Արայի նոր ժողովածուները:

«Զանգակ-97» հրատարակչությունը շարունակեց համալրել իր «Աշխարհի գրականությունը հայերեն» մատենաշարը: Լույս տեսան Առնո Գայգերի «Ծեր թագավորը իր աքսորավայրում», Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» վեպերը: Պատանիներին հասցեագրված գրքերի շարքում հարկ է առանձնացնել Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պիպին» վիպակը: Բավականին մեծ է նաև այս հրատարակչության՝ 2013 թվականի ընթացքում տպագրած մանկական և ուսումնական գրքերի տեսականին:

«Սարգիս Խաչենց» և «Փրինթինֆո» հրատարակչությունները 2013 թվականին հայ ընթերցողին նվիրեցին մի այնպիսի աննախադեպ ու հիրավի փառահեղ հրատարակություն, ինչպիսին Շեքսպիրի «Համլետ»-ն է՝ Արամ Թոփչյանի նոր թարգմանությամբ, ընդարձակ ու բովանդակալից ծանոթագրություններով ու մեկնություններով:

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը շարունակեց նոր գրքերով համալրել իր «Իմ գրադարանը», «Հայ դասական գրողներ» մատենաշարերը: «Համաշխարհային գրականություն» մատենաշարով հրատարակել է Ջեկ Լոնդոնի «Մեծ տան փոքրիկ տիրուհին», Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպերը, Ալեքսանդր Պուշկինի, Անտոն Չեխովի, Միխայիլ Լերմոնտովի հատորյակները և այլն:

Ըստ ամենայնի, 2014 թվականը գրահրատարակչական դաշտում է՛լ ավելի բուռն է լինելու, և հայ ընթերցողների հրաշալի գրքերի իսկական գրոհ է սպասվում: Ելնելով հրատարակչությունների՝ տարբեր առիթներով շրջանառած տեղեկություններից, գրքերի վերջում ներկայացված սպասվելիք հրատարակությունների ցանկից, առանձնացրել ենք հետևյալները:

աղբյուր՝ http://imyerevan.com/

հեղինակ՝ Արքմենիկ Նիկողոսյան

Advertisements
 

Պիտակներ՝ ,