RSS

ԱՎԱԳ ԵՓՐԵՄՅԱՆ | Ֆեյսբուքյան հանրագրեր

13 Նյմ

avag-yepremyan

Անցյալի միակ դասը ներկային

Անհոգ եղիր… քո ամոթն ու խայտառակությունը վաղը ներկայանալու են որպես դաս:

***
Վերջապես գտավ Բառը… հետո, սովորության համաձայն, ցանկապատեց այն նախադասությամբ ու Սպանեց…

Լարգո

Կյանքը միշտ նոր է:
Եւ միայն ինքն է, որ միշտ նոր է, իսկ այս խոսքն ու մնացած ամեն ինչ հին են անհուսորեն եւ հայտնի՝ անհիշելի ժամանակներից…
Աստված կյանքը պահպանում է, իսկ մարդուն՝ ոչ… որ ինձ նման մեկն էլ իր հերթին ասի. «Կյանքը միշտ նոր է»:

***
Բանաստեղծության աչքերը միշտ մոլորվածի աչքեր են. ամեն հայտնվելիս նորից համոզվում է, որ իրեն չէին սպասում:

***
Մահվան պատուհանները՝ պինդ կողպած, իսկ դռները միշտ բաց են…

***
Այս աշխարհում կարելի է մոլորվել նաեւ առանց կրոնների…

***
Ես չեմ կարող պատասխանատվություն կրել արդեն ասածս խոսքի համար: Խոսքն ասելուց առաջ եմ ես պատասխանատու:

***

Երկու մարդ միմյանց կարող են լիովին հասկանալ միայն՝ եթե նրանցից մեկն այլեւս չկա:

***

Մարդու եւ Կյանքի հարաբերություններն, այնուամենայնիվ, սիրային հարաբերություններ են: Դու ես եւ Ինքը. երկու միայնակ… Ահա թե ինչու ապրելիս երբեք խաղի մեջ չեն գիտելիքը, իմացությունը, փորձը…

***

… եւ ումի՞ց լսեցին, որտեղի՞ց իմացան՝ չի սխալվում նա, ով ոչինչ չի անում… Բանականներ, խոսքը թիրախին խփելիս վրիպելու, ոչ թե նետն ամեն գնով հակառակ ուղղությամբ արձակելու մասին է …

Դեկադենտական

Նույնիսկ բուն փաստերին հուսահատեցնելու չափ ապշեցնող եզրակացություններ անել եւ հուսավառվել. ուրիշ ի՞նչ կարող է անել մարդը:

Հակաքարոզ

Մտածում եմ, ուրեմն գիտեմ, որ չկամ:

***
Պարզապես Բանաստեղծություն համարիր այն Գիտելիքը, որը կարող է խանգարել Ապրելուն. ճիշտ այդպես են վարվել Ժողովողի հետ:

«Արատավոր» շրջան

Բառերի մեջ բանաստեղծություն չկա: Բանաստեղծությունը մարդու մեջ է: Իսկ մարդը՝ բառերի:

***
Դրսում ինձնից ոչինչ չի մնացել արդեն… դրսում բոլորովին չկամ ես, բայց ամբողջ այդ դուրսն ասես իմ մեջ է տեղի ունենում, ամբողջ անտանելի դուրսը… ներսում:

***
Առհասարակ ընդամենը երկու տեսակի բանաստեղծություն կա:
Մեկը՝ տողերն ավելի շատ են, քան բանաստեղծությունը, մյուսը՝ բանաստեղծությունն ավելի շատ է, քան տողերը: Իրականում երրորդն էլ կա, բայց այդ երրորդում բանաստեղծությունը չկա:

***
Անզիջում պետք է լինել գրականության մեջ, փոխզիջող՝ եթե քաղաքականություն եք վարում… եւ ոչ թե հակառակը:

***
Աստված իմ, նրանք այս ինչ եռանդով են պաշտպանում չհասկանալու իրենց իրավունքը:

***
Մարդուն անհասկանալի եւս մեկ սկզբունք. Ճշմարտությունը կիրառական նշանակություն չունի:

***
Սիրում եմ նետի ու թիրախի թեման: Ահա. տխմարությունը միշտ անվրեպ է: Նա խփելուց հետո է իր խփած տեղին թիրախ անվանում:

***
Օտար լաբիրինթոսում ելք գտնելու ջանքերն են միայն քոնը: Որովհետեւ օտար է նաեւ ելքը:

***
Գիրը ելք չէ, այլ՝ ապաստարան: Գրով ժամանակն իրեն պաշտպանում է տարածության ավերակող հարվածներից:

***

Կյանքն ընդունել այնպիսին, ինչպիսին կա. սա ասողներն ո՞ւմ անունից են հանդես գալիս, կյանքի՞…

***
Աքիլեսի եւ Հեկտորի մենամարտից հետո էր, որ վրա հասավ քաղաքակրթությունը, վրա տվեց քաղաքացիական հասարակությունը, որտեղ այլեւս հնարավոր չէր պարզել, թե ով ում սպանեց…

***
Ես Նոյը չեմ, իսկ ջրերը բարձրանում են…

***
Չկա ավելի զվարճալի բան Արեգակի տակին, քան սոսկ Բառերով Իմաստի հետեւից ընկած մարդը…

***
Կեղծիքի մեջ մարդը հազարամյակներով կապրի, այդպիսի արարած է, կեղծիքն իր բնական միջավայրն է: Մարդը երկար չի կարողանում դիմանալ սիրուն կամ ազատությանն, ասենք, որոնք բռնկումներ են, ողբերգական բռնկումներ… Մարդը հենց այդ՝ իր ուժերից վեր բռնկումներից էլ մահանում է..

Արարչական քառապարադոքս

Մարդուց ավելի շատախոս բառերն են:

Բառերը կարող են խոսել նաեւ մարդուց անկախ, ուրեմն՝ առանց մարդու:

Ի սկզբանե Բանն էր, բայց… թվերն են կառավարում աշխարհը:

Բոլոր թվերն են սրբազան. թվերը լուռ են:

***
Բոլոր երգչախմբերն էլ մեկ հոգու գրած տեքստն են երգում միշտ:

***
Ամեն ինչի վերաբերյալ սեփական կարծիք ենք ձեւավորել վաղուց: Այնքան վաղուց, որ այդ կարծիքները հասցրել են քարանալ: Այդ քարերով էլ ահա խփում ենք իրար…

***
Քաղաքակրթությունը գրքեր հորինեց, որ կարողանա իմացությունն էլ հատով հաշվել…

***
Բոլորը Մեկի նկատառումներն են, Մեկը՝ Բոլորի թիրախը:

***
Եւ այնուամենայնիվ – ինչո՞ւ գրեց Նա, ով Առաջինն էր, որը գրեց: Որովհետեւ հասկացավ, որ այլեւս Ոչինչ Կա անելու… եւ Արեց այդ Ոչինչը:

***
Մենք բոլորս ենք մազից կախված: Ոմանց, սակայն, դա վախեցնում է, եւ նրանք մազը փոխարինում են շատ ավելի ամուր պարանով…

Դարձյալ խոսելու մասին

ինչն, իհարկե, հիմնարար խնդիր է: Այդքան պարզ չեն խոսելու պատճառներն, ինչքան կարող է թվալ…

Ես խոսում եմ, որ խլացնեմ իմ ձայնը, որ չլսեմ, թե ինչեր է հնչում նա հիմա:

Ես խոսելով Լռում եմ իմ հիմնական Ասելիքը:

Իսկ այստեղ արդեն պատճառներն այլ են եւ խոսելուն կամ լռելուն չեն առնչվում:

***
…մարդու մեծամտությունը դուրս է եկել մտքի ափերից. սկսել է սխալ համարել նաեւ ուրիշի դառնությունը:

***
Երկրի վրա աստանդական լինելը ճակատագիր կարող է լինել, կենսակերպ եւ այլն…
Իսկ Երկնքում թափառելը՝ ուրացում:

Այլ դիտանկյունից… կամ մի մուգ նրբերանգ

Խնդիրը Շեքսպիրից ավելի լավ ասելը չէ, այլ՝ Այսօր եւս Ասելը: Եթե ասողը քո ժամանակակիցն է, քո կողքին ապրողը, ապա Խոսքին Մասնակցելդ, ժամանակների մեջ թափառելու փոխարեն, անմիջապես վերածվում է ներկայության:
Իսկ շարունակելիությունը հնարավոր դարձնողը հենց մասնակցումն է – ներկա՛ ժամանակում:

***
Արեւի տակ տեղ միշտ կա, Երկրի վրա՝ երբեք:

***
Ստրուկների ապստամբությունը՝ Սպարտակի գլխավորությամբ: Իսկ Սպարտակն ինքը ստրուկ չէր… Այդպես էլ կա, որովհետեւ ստրուկների ապստամբություն չի լինում, չի կարող լինել, լինում է Սպարտակի ապստամբությունը՝ ստրուկների «գործածմամբ»…

***
Ես ոչ մի տեղ այնքան լավատես չեմ, որքան հոռետեսության մեջ:

***
Անթափանց խավարը – բառերի անցյալն ու ապագան…

***
Ամեն ինչի վերաբերյալ սեփական կարծիք ենք ձեւավորել վաղուց: Այնքան վաղուց, որ այդ կարծիքները հասցրել են քարանալ: Այդ քարերով էլ ահա խփում ենք իրար…

Մի ընտանիքի պատմություն

Նա ամբողջ կյանքում՝ ամեն ինչով շեշտեց իր օտարությունը… նույնիսկ եւ առավել եւս իր հորինած մահով:
Ես ամբողջ կյանքում՝ ամեն ինչով փորձել եմ թաքցնել իմ օտարությունը… նույնիսկ եւ առավել եւս իմ հորինած ԴԵՌԱՊՐԵԼՈՎ…
Ահա եւ մեր՝ երկուսիս ամբողջ կենսագրությունը:

***
Եւ այս Ամենն անհրաժեշտություն է, ինչպես գիտեք:
Ահա թե ինչու ես Պատահականությունն եմ ուզում:

***
Ամեն բարբառող ձայն իր անապատն ունի:

***

Անմարմին կամ մարմնից ազատ (հրեշտակակե՞րպ) ապրում են միայն երկնքում եւ ֆեյսբուքում:

***
… որովհետեւ էդպես էլ չկարողացա պարզել՝ ինձ, անձամբ ինձ, հիմա խոստովանահա՞յր է հարկավոր, հոգեբան թե՞ ֆեյսբուք… վերջինը կարծես թե էլ չի օգնում…

***

Երբեւէ կգնահատե՞ն ֆեյսբուքին մատուցած իմ ծառայությունները, թե՞ վիրտուալ աշխարհը Ինքնագնահատական է հենց:

***

Մի օր էլ գրականության դասատուն կասի. ի՞նչ ստատուսներ գիտեք անգիր…

Advertisements
 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: