RSS

Ավագ Եփրեմյան/Ավագաբառ կամ Բառի ավագություն

13 Նյմ

Բառի մոգությունը Ավագ Եփրեմյանի համար բանաստեղծության միջոց ու նպատակ չի, հենց ինքը՝ բանաստեղծությունն է: Կամ՝ հենց ԻՆՔԸ: Կարելի է ասել՝ Ավագաբառ կամ Բառի ավագություն: Պատկեր-դարձվածք-բառ-մասնիկ-հնչյուն սանդուղքին: Ու նույնիսկ գլխատառ-փոքրատառ մակարդակում: Որովհետև երբ Ի սկզբանե Բանն էր, Ասումը ուղղահայաց էր՝ Աստված-մարդ-Աստված: Հետո, երբ աստվածները մի քիչ նեղացան, Ասումը պառկեց, դառավ հորիզոնական՝ մարդ-մարդ: Բանը դարձավ բառ, հիմնը՝ ստեղծաբանություն: Ահա այս ընթացքն է, որ հետ է պտտում Ավագ Եփրեմյանը, ավելի ճիշտ՝ “մոռանում է” Բանի ներքնափոխման այս շրջանը ու կրկին կանգնում նախնական կետում, ուր Ասումը դեռ ուղղահայաց է, բառը՝ մոգական (բուն իմաստով), խոսքը խիտ ու շարժուն՝ սեղմվող տիեզերքի պես: Այս խտությունն էլ Բառի մոգության հավատամքի և Ասումի ուղղահայցության համատեքստում է. Աստված իր արարածին բացատրելու պետքը չունի՝ ցո՛ւյց է տալիս (ուղղորդող Աջը), և արարածի պատասխան-պաշտամունքն էլ կարիք չունի մանրամասնվելու՝ Հավատ-Հույս-Սեր է: Ավագ Եփրեմյանի Բանաստեղծությունն է՝ երկնաբնակի-երկրաբնակի փոխԱսումը, որը ոչ միայն լսելի, այլև մասնակցելի է, որովհետև տեղ ունի Բառի մոգության բոլոր հավատավորների համար: Վկայո՛ւմ եմ…

Ներսես Աթաբեկյան

ԷԼԵԳԻԱ  ԾՆՆԴՅԱՆ  ՕՐՎԱ  ՀԱՄԱՐ

Երեք օրից քո՝

Այստեղ ծնվելուդ օրն է,

առաջինը՝ առանց քեզ:

 

Արցունքները

խոշորացնում են դատարկությունը

կամ աղավաղելով իրերի ու մարդկանց

կերպարանքը՝ ուրիշ անուն են պահանջում

նրանց համար, ասել՝ ուրիշ սկիզբ…

 

Այդպես — լուսանկարիդ խաղաղ ժպիտն օրեցօր

վերածվում է միայն այստեղերում

պատահող քմծիծաղի: Հասկանալի է,

սահմաններ գոյություն չունեն,

դու դա գիտեիր նաեւ այստեղ:

 

Այդուհանդերձ, չեն կարող նաեւ հանգեր լինել,

որովհետեւ կյանքն ու մահը,

թեպետեւ՝ նույն չափի, նույն

շնչառության մեջ, նույնահունչ չեն,

 

ինչը չի խանգարում, սակայն,

որ ես զգամ մահվան համը՝

ընդամենը մի եղբայր հեռավորությունից.

 

եւ դա քո հերթական նվերն էր…

թե դեռ ինչեր ես նվիրելու,

գիտես միայն դու:

 

ԼՈՒՐ

Հրդեհ:

 

Վրիպակ էր սպրդել.

աղբակույտ էր…

 

Մոխիրը՝ քամուն…

Կապույտը

 

նոր սյուժե է ծամում…

Անանուն…

 

դեռ:

 

IMPRESSION

Անվերջությունը օրերից մեկում

նույն հանգով թափվող սառը անձրեւ է:

Հիշում եմ ինչ-որ բովանդակություն,-
հիմա լիովին տարտամ-անձեւ է:

Աշխարհը եղավ, աշխարհն անցել է:

Ներման խոսքն ահա տեղ են հասցրել,
բայց բանտարկյալին արդեն կացնել են:

 

ԱՂՈԹՔԻ ԲԵԿՈՐ՝ ՍԵՒ ԵՐԱԶԻՑ

… մի սպանիր, ԷՅ,

ինձ մի սպանիր,

 

պահպանիր,

թո՛ղ ինձ,

թող ինձ պահպանեմ,

 

հացի

մղձավանջն

ու

տենդը

բանի

 

ՔՈ ստեղծած

ինձնով

 

պատճառաբանեմ…

 

ԵՐԱԶ

Աշխարհը… հայրս՝ լուռ նստել,

կողքին մայրըս է հեծկլտում —

առընդմիշտ եղբայրաստեղն

հոգում՝ եռախոց, կցկտուր…

 

Չքվել են նվաստ ծառերդ,

լեռներդ՝ նվաստացընող,

անվախճան են սոսկ բառերդ՝

խշշացող — ցնորքեցնորք…

 

Նրանք էլ ջնջում են անունս՝

երեսիս քսում գույժ ու գույն,

Քամին բանում է, բանում է…

Արեւը՝ հսկա ճառագում…

Նյութը ՝http://report.am

Advertisements
 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: